Էջ:Վերք Հայաստանի 60.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա՞նց կկենա: Բաս չե՞նք ուզենալ, որ ամենին պաշտենք, պատվենք, սրբի տեղ գլխներովը պտիտ գանք:

Աչքըներս սովորել ա, սիրտըներս սառել, մտքըներս քարացել: Ժամ որ գնում ենք, հենց իմանում ենք, թե, էն ա, ամեն բանից պրծանք, պարտքըներս տվինք, որ մեկ քանի խաչ հանեցինք էրեսներիս, մեկ քանի ծունդր դրինք, պատարագի էրես տեսանք, պասըներս բաց արինք, սրբություն առանք: Ինչ ասում են, մեզ համար մեռած ա, մեզ չի՛ ազդում, չունքի մեր սրտի բառը չի՛, մեր լեզվի խոսքը: Ուրըշներն ասում են, մենք էլ անկաջներս կախ արած, աչքըներս ցցած՝ լսենք-չլսենք, տեսնինք-չտեսնինք, ե՞րբ ա մեր սիրտը մեկ օր վառվում, որ իմանանք, թե էս ի՞նչ հրաշք ա, որ աստված ամենաբարին մեզ համար ստեղծել ա, մենք ի՞նչ ենք, որ մեր ասած գոհությունը, փառաբանությունը, ծունրը, երկրպագությունը աստծու սուրբ առաջին ի՞նչ ըլի: Պետք է մտածենք՝ ո՞վ ա աղքատ, որ նրան օգնենք. ո՞վ ա հիվանդ, որ նրան մխիթարենք. ո՞ւմ են զրկում, գնանք, նրան թափենք: Ո՞ւմ սիրտը նեղացրինք, գնանք, էլ ետ հաշտվինք: Թե սիրտըներս մաղձով, թունով, հազար մեկ դառնությունով լիքը մտնում ենք, լիքը դուս գալիս, էլ ի՞նչ օգուտ մեզ: Հենց պետք է մե՞ռնինք, որ սիրտըներս թամուզանա՞, հենց պետք է դժոխքի էրեսը տե՞սնինք, որ աշխարքիս համն իմանա՞նք, հենց պետք է հո՞ղը մտնինք, որ ձեռն ածենք, թե, երա՛բ, մեկ իսան կքթնվի՞, որ էրեսը տեսնինք, լեզվըներս նրանց լեզվին առնի, ականջներս նրանց ձենն իմանա՞:

Ա՜խ, մտածի՛ր, թե որ հնար ըլեր՝ մեռած վախտդ գերեզմանիդ տակիցը դուս գայիր, էլի է՛ն խելքը, է՛ն զորությունն ունենայիր, որ հիմիկ ունիս, չէի՞ր ուզիլ էն մարդի ոտը համբուրիլ, որ գերեզմանիդ մոտովն անց կացավ: Չէ՞իր ուզիլ էն մարդին խտտես, արտասընքով էրեսը լվանաս, էրեսն էրեսիդ կպցնես, բերանը՝ բերնին, փարվիս, էլ դոշիցը պոկ չի՛ գաս, որ քեզ մեկ «Աստված հոգին լուսավորի՛» ասեց կամ գերեզմանիդ վրեն մոմ վառեց: Չէ՞իր ուզիլ, որ է՛ն հողն էլ ջուր անես, խմես, որ քո սիրուն աչքերդ ծածկել էր, քո ազնիվ պատկերը փչացրել, քո անույշ լեզուն, քո քաղցր շունչը բռնել, պապանձացրել, է՛ն քարն էլ պաշտես, որ քեզ ղայիմ բռնած ուներ: Բաս հըմիկ ի՞նչ ա էլել, որ խելքդ՝ վրեդ, սիրտդ՝ փորումդ, միտքդ՝ գլխիդ, էդպես բաներ չե՞ս մտածում: Ա՜խ, սիրելի, երանի թե էս սհաթին իմ սրտումը ըլեիր ու իմանայիր, թե ի՞նչ ծով ա պտիտ գալիս սրտիս միջումը: Ձեր էրեսներիցը մեկ օր պետք է զրկվիմ, ձեր քաղցր լեզուն ու ձենը մեկ օր պետք է չլսեմ, ձեր ազնիվ երեսը մեկ օր պետք է չտեսնիմ, հոգվույս սի՛րելիք, բա՛րեկամք, սի՛րեկանք, դո՛ստ, ը՛նկերք, իմ բոլոր պատկերակից մարդիկ: Դուք ինձ գերեզմանը կդնեք,